Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Նարեկ Հախնազարյան. «Ուրախ եմ, որ Հայաստանում այսպիսի բարձր մակարդակի մրցույթ-փառատոն է անցկացվում»

Նարեկ Հախնազարյան. «Ուրախ եմ, որ Հայաստանում այսպիսի բարձր մակարդակի մրցույթ-փառատոն է անցկացվում»
06.07.2017 | 17:54

Հուլիսի 5-ին «Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը։ Հնչեցին մալթացի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի (ով, ի դեպ, փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է, և փառատոնային համերգների ընթացքում կատարվելու են նրա ստեղծագործությունները), Կամիլ Սեն-Սանսի, Սերգեյ Պրոկոֆևի գործերից։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

«Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը, խոսելով մրցույթ-փառատոնի շրջանակներում անցկացվող դաշնակահարների մրցույթի մասին, նշեց, որ խոսել է ժյուրիի անդամների հետ, ովքեր նկատել են, որ շատ տաղանդավոր երաժիշտների են արդեն իսկ լսել։ «Մրցույթի մասին վերջնական կարծիք կարելի է արտահայտել դրա ավարտին, սակայն այն, որ 14 երկրի 48 մասնակից ունենք, թույլ է տալիս արձանագրել, որ այն կայացած միջազգային ստուգատես է։ Կարևոր է նաև, որ տաղանդներն ամբողջ աշխարհից գալիս են Հայաստան՝ հավատալով մեր օբյեկտիվ ու պրոֆեսիոնալ հայացքներին։ «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնը նաև ապացուցում է, որ մեր երկիրը կարևորում է դասական երաժշտությունը»,- ասաց մաեստրո Սմբատյանը։
Թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ուրախությամբ շեշտեց այն փաստը, որ Հայաստանում այսպիսի մակարդակի մրցույթ-փառատոն է անցկացվում, և հատկապես ամռանը, ինչը հազվագյուտ երևույթ է փառատոնային պատմության մեջ։ «Փառատոների մեծ մասն աշնանը կամ գարնանն են։ Հայաստանի ունկնդիրն այսօր կարող է վայելել շատ բարձր մակարդակի երաժշտություն։ Հայաստան են ժամանում Մաքսիմ Վենգերովը, բազմաթիվ այլ հարգված ու հայտնի երաժիշտներ, դա մեծ ձեռքբերում է»,- ասաց Նարեկ Հախնազարյանը՝ ավելացնելով, որ ինքը միշտ ուրախ է ելույթ ունենալ իր կողմից շատ սիրված Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և իր ընկերոջ՝ Սերգեյ Սմբատյանի հետ։
Նշենք, որ փառատոնային որոշ համերգներ ուղիղ հեռարձակվում են առցանց, դրանց հեռարձակումն ապահովում է HD Studio-ն։


Ի դեպ, այս օրերին առավոտյան ժամը 10-ից Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի են ունենում «Արմենիա» միջազգային մրցույթի լսումները։ Մրցույթի մասնակիցներից է 17-ամյա դաշնակահարուհի Թամարա Հովհաննիսյանը, ով սովորում է Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի երրորդ կուրսում։ Մինչ այժմ մասնակցել է Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների 4-րդ միջազգային մրցույթին և արժանացել է դիպլոմի։ Ասում է, որ յուրաքանչյուր մասնակից էլ ակնկալում է հաղթել «Արմենիա» միջազգային մրցույթում, սակայն ինքը ցանկանում է նաև փորձ ձեռքբերել՝ մասնակցելով մրցույթին։ «Մրցակցությունը մեծ է, մենք ներկայանում ենք շատ հեղինակավոր ժյուրիին։ Հուսով եմ՝ հուզմունքս կկարողանամ հաղթահարել և լավ ներկայանալ»,- ելույթից առաջ ասաց Թամարան։


«Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Մրցույթ-փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։
Հուլիսի 5-ի համերգային երեկոն կարող եք դիտել հետևյալ հղմամբ:

Դիտվել է՝ 1955

Մեկնաբանություններ